ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Ես միշտ ասում եմ՝ անխիղճ ժամանակներում խղճի մասին պիտի նկարահանես»

«Ես միշտ ասում եմ՝ անխիղճ ժամանակներում խղճի մասին պիտի  նկարահանես»
31.10.2014 | 12:57

Ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում ասաց, որ երեք տարի է՝ ֆիլմ չի նկարահանում: Մի քանի նախագիծ ունի, բայց ֆինանսավորում չկա։ «Դա հետաքրքիր չէ, պետք չէ, չեն նայի, վարկանիշ չի ունենա: Չեմ կարող նկարահանել ֆիլմ, որ փչացնում է երեխաներին, ոչնչացնում ազգը: Ես Աստծուց վախենում եմ»,- ասաց ռեժիսորը, տեղեկացնելով, որ նախագծերից մեկը գեղխորհուրդ է անցել, բայց ասել են` չի կարելի, դու ունես անավարտ ֆիլմ, որի մեջ կա պետական մասնաբաժին, և ինքնըստինքյան ցմահ նկարահանելու իրավունքից զրկված է:
Անավարտ ֆիլմը «Ներում» է կոչվում, թեման հենց ներումն է: «Ես միշտ ասում եմ, անխիղճ ժամանակներում խղճի մասին պիտի նկարահանես»,- ընդգծեց ռեժիսորը: Ազգային կինոկենտրոնը ֆինանսավորել է, բայց մասնավոր ներդրումը, որ պետք է արվեր, չի արվել: Խնդիրը, սակայն, միայն ֆինանսը չէ: Ֆիլմը պետք է վերանկարահանվի, դերասանական խաղը շատ բարդ է, ոչ բոլորն են գոհացնում ռեժիսորին: «Սցենարի հեղինակը ես եմ: Ինձ ասացին՝ այդ սցենարը Շոն Պենի համար է գրված, մի նկարահանիր: Կնկարահանես Ամերիկայում: Ես չլսեցի: Ֆիլմը տարօրինակ կառուցվածք ունի, շատ եմ սիրում այն, բայց չգիտեմ` մի օր կտեսնե՞մ, թե՞ ոչ: Գլխավոր հերոսին ամբողջ ֆիլմում չեք տեսնում, ձայնն է լսվում միայն։ Գլխավոր հերոսը կինոխցիկն է, մի մարդ, որ վերադառնում է քաղաք` ներողություն խնդրելու 11 մարդուց, որոնց կյանքը կոտրել է` սիրուհու, կնոջ, թերզարգացած երեխայի: Ներում է ստանում միայն մի հոգուց` իր տղայից»:
Ռեժիսորը հավելեց, որ ֆիլմը հետաքրքիր փորձ է իր համար: Կինոկենտրոնում հաստատված մյուս սցենարը երեք նովելից է բաղկացած. 11-րդ դարն է, 19-րդի վերջն ու ժամանակակից շրջանը: Ռեժիսորը չի ցանկացել, որ 11-րդ դարի իր ֆիլմում ժամանակակից հայերենով խոսեն: Պարզապես չի հավատում դրան: Ռամիկները գրաբարով չեն խոսել: Նրա հորդորով` Վանի շրջանում լուրջ ուսումնասիրություններից հետո թարգմանել են երկխոսությունները: «Ես նայեցի ու մարմինս հաճույքից փշաքաղվեց, ասացի՝ այսպես կլինի կինոն: Հետաքրքիր փորձ է, չտեսնված լեզու, գրաբարի էլեմենտներով, 70 տոկոսը հասկանալի է, 30 տոկոսը պետք է թարգմանվի տիտրերով: Ֆիլմը «Ճանապարհ» է կոչվում. ճանապարհի սկզբում մի մարդ ես, վերջում` ուրիշ: Բայց պարզվում է՝ ամենադժվար ճանապարհը մեկուկես մետրն է»։
Էդգար Բաղդասարյանը հեղինակ է «Արարատից Սիոն», «Մարիամ», «Սուրբ ծեսերի երկիրը» և այլ ֆիլմերի:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ